Հանրային կյանքի կազմակերպման համար շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հապճեպ, անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, ընտրությունների անցկացման տեսակնյունից ժամանակը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ եթե դու այսօր բարձր վարկանիշ ունես, վաղը կամ 2 ամիս հետո կարող ես չունենալ, կամ հակառակը: Խոսրով Հարությունյանը հիշեցրեց 2013 թվականին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, որը նախագահական ընտրություններում ուներ 540 հազար ձայն, բայց դրանից մի քանի ամիս անց իր գլխավորած ուժը հազիվ կարողացավ հաղթահարել նվազագույն շեմն ու անցնել Երեւանի ավագանի:

«Թվում էր, թե լուրջ հնարավորություն է այդ ամենը դարձնելու կապիտալ, իշխանություններին հակադրվելու, կոնստրուկտիվ օպոզիցիոն  դերակատարություն ստանձնելու, հանրային կյանքին օգուտ բերելու համար: Բայց, կներեք, երկու ամիս հետո հազիվ կարողացան հաղթահարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում նվազագույն շեմը, սա պետք է նկատի ունենալ: Ես չեմ ասում՝ անպայման այդպես  կլինի, բայց  արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ քաղաքական հարաբերակցությունը քիչ, թե շատ կայուն է»,-ընդգծեց Հարությունյանը: