Լեհ գիտնականները կենտրոնական Եգիպտոսում գտնվող Հաթհոր աստվածուհու տաճարի անմիջական հարեւանությամբ քարե պատի վրա մի քանի տասնյակ նախկինում անհայտ հիերոգլիֆական գրություններ են հայտնաբերել, հայտնում է արշավախմբի ղեկավար Վոյցեխ Էլիսմոնդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մի քանի տասնյակ գրություն փորագրված է 3.5 հազար տարեկան քարե տաճարի հարեւանությամբ գտնվող քարե պատի վրա: Տաճարում, մասնավորապես, երկրպագում էին Հաթհոր աստվածուհուն»,- գիտնականին մեջբերում է РАР գործակալությունը: Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ հայտնաբերված գրություններն «անգին աղբյուր են հնագույն ժամանակների ուսումնասիրության համար»:

Հայտնի եգիպտաբան Դավիդ Վեչերկոյի կողմից արված թարգմանությունից հետեւում է, որ հայտնաբերված գրություններն աստվածներին ուղղված խնդրանքներ կամ երախտագիտություն են: Դրանք արվել են մեր թվարկությունից առաջ մոտ 1770-ից մինչեւ 1400 թվականներին:

Նշենք, որ Հաթհորը եգիպտական դիցաբանության մեջ երկնքի, սիրո, կանացիության, գեղեցկության, պտղաբերության, զվարճանքի եւ պարերի աստվածուհին է: