Քաղաքագետ, հրապարակախոս, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։ նա աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ եւ օրենսդրական կարգավորումներով  Անվտանգության խորհրդի կազմում այլեւս ընդգրկված չեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը:

Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են հետեւյալ պաշտոնյաները. վարչապետը,  առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: