Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է  ս.թ. մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում եւ կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ եւս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի եւ հեղինակության բարձրացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: