Իսրայելյան գիտության նախարար Օթիր Ակունիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեկուսացնել Թուրքիային միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ «ցուցադրել Էրդողանի հակասեմական դեմքը», հաղորդում է The Times of Israel-ը:

Ըստ Ակունիսի՝ Թուրքիայի նախագահը նեոնացիստ է, ով ատում է Իսրայելը: Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշել, որ Ակունիսն արդեն երրորդ նախարարն է, ով Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Ընդ որում, Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին նշել է, որ Իսրայելը չի պատրաստվում սառեցնել Անկարայի հետ հարաբերությունները: «Թուրքիան կարեւոր երկիր է տարածաշրջանում, նույնիսկ եթե նրա ղեկավարը կոպիտ հայտարարություններ է արել Իսրայելի ղեկավարության եւ նրանց գործողությունների վերաբերյալ: Կարծում եմ, մենք նույն կերպ ենք պատասխանել նրան»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե բարեկամության, այլ տարածաշրջանում շատ կարեւոր շահերի վրա: