ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենեւյեւ Բոյրոն եւ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Սիլվի Բոսութղոն շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Քննարկվել են նաեւ ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված «Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաեւ վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ եւ շարունակական համագործակցության զարգացմանը: