Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հետեւում է բերման ենթարկված հայերի գործերին եւ փորձում է ապահովել նրանց իրավունքները։

Դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանյան եւ համայնքային որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ ս/թ․ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հավաքների արդյունքում ոստիկանության քաղաքային բաժիններ տարված քաղաքացիների եւ նրանց նկատմամբ վարչական բնույթի գործերի հարուցման վերաբերյալ։

Հայտնում ենք, որ արձանագրված դեպքերի առնչությամբ դեսպանությունն անմիջապես դիմել է ՌԴ ՆԳՆ ք. Մոսկվայի Գլխավոր վարչություն՝ բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանության նպատակով։

Ելնելով քաղաքացիների իրավունքների լիակատար ապահովման առաջնահերթությունից՝ դեսպանությունն ուշիուշով շարունակում է հետեւել հարուցված վարչական գործերի ընթացքին»։