Եվրոպական միությունը հանձնառու կլինի Իրանի միջուկային համաձայնագրին։ ԵՄ առաջնորդները պարտավորեցրել են Եվրահանձնաժողովին պաշտպանել Իրանում բիզնեսով զբաղվող եվրոպական ընկերությունների շահերը ամերիկյան պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է Իրանի միջուկային գործարքին, ապա մենք միաձայն որոշել ենք, որ ԵՄ-ն կմնա համաձայնագրի կողմ, քանի դեռ Իրանը նախկինի պես հանձնառու է դրան։ Բացի այդ, Եվրահանձնաժողովին կանաչ լույս է տրվել գործողությունների պատրաստ լինել ամեն դեպքում,  երբ կտուժեն Եվրոպայի շահերը»,-ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է Միացյալ նահանգների հետ առեւտրի ազատականացման բանակցություններ սկսել մի քանի ոլորտներում, եթե Վաշինգթոնը Եվրոպային ազատի ալյումինի եւ պողպատի արտահանման մաքսատուրքերից։