Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում այսօր՝ մայիսի 17-ին, ահազանգ էր ստացվել, որ 2 աշակերտների միջեւ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ծնողների մասնակցությամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առաջին դասարանի աշակերտուհու մայրը՝ Էդիտա Փեթակչյանը պատմեց, որ իր երեխան ընկերու հետ խաղալու ժամանակ «յախք» բառն է ասել, այդ պահին 8-րդ դասարանի աշակերտուհի Էրիկան այդ արտահայտությունը իրեն է վերագրել, մոտեցել է խփել 7-ամյա աղջկան եւ ասել՝ «Ո՞ւմ հետ ես, շան թուլա»:

Նշենք, որ Էրիկան այն հայտնի աշակերտուհին էր, ով շաբաթներ առաջ փակել էր դպրոցի նախկին տնօրեն Ազիզյանի աշխատասենյակի դուռը եւ չէր թողնում, որ լրագրողներն ու ակցիայի մասնակիցները մտնեն տնօրենի աշխատասենյակ:

Էդիտա Փեթակչյանը պատմեց, որ իր գնալուց հետո Էրիկան գնացել է եւ արդեն ծնողի հետ վերադաձել դպրոց:

«Էրիկայի մայրը սկսեց անբարո բառերով վիրավորել ինձ, հետո սկսեց քաշքշել, ճանկռել»,- պատմեց նա:

Էրիկայի մայրն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ իր 14-ամյա դստերը Էդիտա Փեթակչյանը վիրավորել է: Նա անընդհատ բղավում էր եւ սպառնում, որ հաղորդում է տալու ոստիկանություն այդ մասին:

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները դպրոցում էին, նրանք կատարվածի վերաբերյալ արձանագրություն կազմեցին: Ոստիկանության Մալաթիայի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: