Քուվեյթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում «ամենակտրուկ ձեւով» դատապարտել Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ ուժի կիրառումը Գազայի հատվածում, ինչի հետեւանքով ավելի քան 110 պաղեստինցի է զոհվել, փոխանցում է Associated Press-ը:

Քուվեյթի առաջարկած բանաձեւի նախագծում նաեւ կոչ է հնչում Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել «պաղեստինյան քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար», այդ թվում՝ «պաշտպանության միջազգային առաքելության» տեղակայման միջոցով:

Բանաձեւը պահանջում է, որպեսզի Իսրայելն «անմիջապես դադարեցնի իր ռազմական ճնշումները, կոլեկտիվ պատիժը եւ ուժի ապօրինի կիրառումը քաղաքացիների դեմ, այդ թվում նաեւ՝ Գազայի հատվածում»:

Միացյալ Նահանգները պաշտպանում են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում եւ, ամենայն հավանականությամբ, վետո կդնեն բանաձեւի վրա, եթե այն դրվի քվեարկության: