Մալայզիայի ոստիկանությունը առգրավել է փողերով, ոսկեղենով եւ այլ արժեքավոր իրերով 284 դիզայներական պայուսակներ եւ 72 ճամպրուկներ նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կողմից կոռուպցիայի եւ փողերի լվացման հետաքննության շրջանակներում, հայտնում է AP–ն։

Ամերիկյան քննիչները հաստատում են, որ Նաջիբի կողմնակիցները գողացել եւ 4.5 միլիարդ դոլար են լվացել, որի մի մասը փոխանցվել է Նաջիբի բանկային հաշվին։ Նշվում է, որ Նաջիբը 23 մլն դոլարով վարդագույն ադամանդներով մանյակ է գնել կնոջ համար։

Պայուսակների թվում են Hermes –ի երկնագույն երկու պայուսակ՝ պատրաստված կոկորդիլոսի կաշվից եւ ճարմանդին ադամանդներով, ինչպես նաեւ կոկորդիլոսի կաշվից մեկ մոխրագույն պայուսակ։ Երկուսն էլ գնվել են արտասահմանում, այդ թվում՝ Փարիզում ու Շվեյցարիայում 2013 եւ 2015 թվականներին։ Ոստիկանությունը առգրավել է նաեւ կանխիկ գումար տարբեր արժույթներով։

Հիշեցնենք, որ Նաջիբը պարտվել էր ընտրություններում, 60 տարվա մեջ առաջին անգամ իշխանության է եկել ընդդիմությունը։ Նոր վարչապետ Մահատհիր Մոհամադը վերսկսել է կոռուպցիայի եւ փողերի լվացման քննությունը, որի մեջ ներգրավված անձանցից է Նաջիբ Ռազակը։