Չինաստանի China Construction Bank պետական բանկն իր հաճախորդներին 150 հազար դոլարի դիմաց ընթրիք է առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը: Գործակալության թղթակիցները տեսել են այդ հրավիրատոմսերից, որոնց իսկությունը հաստատել են բանկի աշխատակիցները: Հրավերները բանկը ստացել է Շանհայի ճամփորդական գործակալությունից, հավելել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Մայիսի 31-ին Դալասում (Տեխաս նահանգ) կայանալիք ընթրիքին մասնակցելու հրավեր են ստացել բանկի հարուստ հաճախորդները: Նրանց, մասնավորապես, խոստացել են, որ միջոցառմանը հնարավորություն կընձեռվի շփվել ամերիկացի խոշոր գործարարների հետ, լուսանկարվել Թրամփի հետ եւ ստանալ նրա ստորագրությունը, փոխանցում է գործակալությունը:

ԱՄՆ նախագահը, ինչպես սպասվում է, իսկապես այդ երեկո կմասնակցի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի միջոցառմանը, որի նպատակն է միջոցներ ներգրավել քաղաքական գործունեության համար: Սակայն ԱՄՆ-ում քաղաքական քարոզչություն իրականացնող կազմակերպություններին օրենսդրորեն արգելվում է նվիրատվություններ ընդունել օտարերկրյա քաղաքացիներից կամ ընկերություններից, նշում է Bloomberg-ը:

Ամերիկյան The Dallas Morning News թերթը, որը մայիսի սկզբին գրել էր Թրամփի՝ մայիսի 31-ին ճաշկերույթ անցկացնելու մասին, հրապարակել էր միջոցառման հրավիրատոմսի նմուշը, որում նշված է եղել, որ ընթրիքին որպես հովանավոր մասնակցության արժեքը կկազմի 35 հազար դոլար, որպես համակազմակերպիչ՝  (այս կարգավիճակը VIP տեղերի եւ ԱՄՆ նախագահի հետ լուսանկարվելու իրավունք էր ընձեռում)՝ 50 հազար դոլարից սկսած:

Թրամփի շտաբի եւ Ազգային կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են գործակալությանը, որ տեղյակ չեն եղել հրավիրատոմսերի մասին, որոնք չինական բանկն առաջարկել է իր հաճախորդներին. «Մենք որեւէ օտարերկրյա նվիրատվություն չենք ընդունում: Այդ մասին տեղեկանալուց հետո (չինական բանկի հետ իրավիճակի. «ՌԲԿ»), մենք այս անօրինական հայտարարության մասին հայտնել ենք համապատասխան մարմիններին»: