ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը հույս ունի, որ Հայաստանում առաջիկայում լինելու է հասարակություն, որը կունենա զրո հանդուրժողականություն կոռուպցիոն երեւույթների եւ դրսեւորումների նկատմամբ:

Այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ բոլորը խոսում են նոր Հայաստանի մասին եւ մարդիկ գիտակցում են, որ թերեւս ամեն ինչի շատ ավելի հեշտ էր հասնել, քան պահպանել, եւ դրա համար պետք է կրկնապատկել եւ եռապատկել էներգիան ու ջանքերը:

«Կարծում եմ՝ ձեւավորված նոր մշակույթով մենք դառնալու ենք այն հասարակությունը, որտեղ գիտակցելու ենք՝ լավագույն հպարտությունը ինքդ քեզանով մի բանի հասնելն է, ոչ թե զանգերով փորձել խնդիրներ լուծել, որտեղ հասկանալու ես, որ քո միտքը, գիտակցությունը եւ սեփական ունակությունները ավելին են, քան որեւէ ծանոթ, խնամի կամ գումարի տրցակ: Գումար ունեք, ներդրում արեք, բիզնես հիմնեք, ոչ թե մտածեք, որ գումարով ինչ-որ պաշտոն ստանաք, որ կարողանաք դրանով լավ կամ վատ մի բան ապահովել կյանքում»,- ասաց Թեւան Պողոսյանը: