Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե եւ աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում: «Պետական եկամուտների կոմիտեն եւ հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի եւ կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց եւ արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել»,-նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը եւ տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը եւ բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը:

Այս երկու սահմանների միջեւ ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային եւ հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ: «Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ: Վստահությունն է, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում եւ որակական նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկիրն ու պետությունը»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդիրների իրագործման ապահովումը մեծապես կախված է հարկային եւ մաքսային մարմինների գործունեությունից:

Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալում է արագ եւ լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի եւ շոշափելի կլինեն քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել: «Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետեւաբար բոլոր ուղղություններով եւ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որեւէ կասկած չպետք է լինի: Նոր ժամանակներն իրենց հետ պետք է բերեն նոր կանոններ, եւ ես հույս ունեմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, հետեւողականություն եւ հմտություն՝ այդ մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասել է վարչապետը:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին եւ համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ համակարգի առջեւ դրված խնդիրները կլուծվեն՝ ի շահ երկրի հաջողության եւ բարօրության:

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ վստահեցրել, որ կարվի հնարավորը՝ համակարգում ներդրված առաջադեմ մտքերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: «Այս նոր իրողությունների շրջանակում վստահեցնում եմ, պարո՛ն վարչապետ, որ մենք կկատարենք այն առաջադրանքները, որոնք երկրի կառավարությունը կդնի մեր առջեւ»,-նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը: