«Սասնա ծռերի» աջակիցները այնքան ժամանակ փակ կպահեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրի դատարանի մուտքերը, մինչեւ իրենց խնդրի լուծման ուղղված իրական քայլեր չտեսնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը, Թորոս Սեֆիլյանը:

«Երեկ պատվիրակությունը հանդիպել է վարչապետի հետ եւ դրական է այն առումով, որ խոստումներ են եղել, իրենք խոստացել են, որ րոպե առաջ հարցին լուծում կտրվի, բայց իրենց ժամանակ է պետք, որ տեսնեն, թե ինչպես է այդ լուծումը տրվելու: Այդ պատճառով մենք սպասում ենք, հարգում ենք իրենց խոսքը բայց գործնական քայլի ենք սպասում, որպեսզի բացենք դատարանի մուտքերը»,-ասաց նա:

Թորոս Սեֆիլյանը նշեց, որ իրենք առաջին  հերթին սպասում են «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցի փոփոխում, այնուհետեւ արդար դատավարություն:

«Այս պահին սպասում ենք Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման եւ դրանից հետո կորոշենք մեր անելիքները»,- հավելեց նա:

Նշենք, որ արդեն 2-րդ օրն է՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են դատարանի մուտքերը, «Սասնա ծռերի» 11 անդամներն էլ դատարանի շենքում են դեռ գտնվում: Երեկ փակ էր նաեւ Արշակունյաց պողոտան: