ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանն ստացել է երեք բողոք, որոնցից առաջինը ապրիլի 17-ին; Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին հայտնեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, գործող քրեադատավարության օրենսգրքի համաձայն գործը վարույթ ընդունելու համար նախատեսված է եռամսյա ժամկետ:

«Եթե բողոքները թերի են լինում, օրենքն ասում է, որ դատարանը վերադարձնում է բողոքները վերակազմելու՝ սահմանելով մեկամսյա ժամկետ: Այսօր կարող ենք փաստել, որ բողոքները ձեւական թերություններ չեն պարունակում: Եռամսյա ժամկետում Վճռաբեկ դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում: Այդ որոշման համար ելնելով գործի բարդությունից, ծավալից, ծանրաբեռնվածությունից, եռամսյա ժամկետում պալատը կկայացնի որոշում»,-ասաց Ավետիսյանը:

Ցուցարարներից  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենԱնդրանիկ Թևանյանը նշեց, որ իրենք օրենքը շատ լավ գիտեն, սակայն իրենց պահանջն է, որ օր առաջ գործը վարույթ ընդունվի, իսկ երկրորդ փուլում արդարացման վճիռ կայացվի: «Եթե գործը չի ընդունում վարույթ, ձգձգվում է, նշանակում է Վճռաբեկ դատարանը գտնվում է գլխավոր դատախազի ճնշման տակ, որը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Եռամսյա ժամկետում որոշում կայացնելը լարվածության աճին է նպաստում»,-ասաց նա:

Սերժիկ Ավետիսյանն էլ հակադարձեց. «Եթե իմ վրա ճնշում լիներ, ես 27 տարի համակարգում չէի մնա»:

Ի վերջո, ցուցարարները որոշեցին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են այստեղ եւ տեղեկանան, թե թե որ փուլում է գործը: Նրանք որոշեցին որ հաջորդ անգամ Վճռաբեկ դատարանի մոտ կհավաքվեն երկուշաբթի, մայիսի 21-ին, ժամը 11-ին: