Արմավիրում զանգվածային սննդային թունավորման արդյունքում կասեցվել է ԱՁ «Ալվինա Մելքոնյանի» գործունեությունը:

Այս առնչությամբ ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, եւ անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից եւ կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով եւ կանաչիով սենդվիչ):

Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի, ինչպես նաեւ առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:

Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաեւ Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «ԱլկաՖուդ» ՍՊԸ-ում:

Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: