ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 եւ 1985 թթ.։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանությունն սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝ տուժողներից մեկի եղբոր եւ 1997 թ. ծնված գյումրեցու մասնակցությամբ, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել տուժողներից մեկի եղբորը։

Ավելի ուշ կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում՝ տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր եւ հորեղբոր որդու  ուղղությամբ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 եւ 5,45 տրամաչափի 3 հատ պարկուճ, մեկ փամփուշտ, արնանման հետքեր, բջջային հեռախոսի քարտ։ Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի 1997թ. ծնված բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի, 235-դ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։