ՀՀԿ-ի գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել, որովհետեւ օրակարգում նման հարց չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի եւ գնանք դեպի արտահերթ ընտրություններ»:

«Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, բնականաբար այս փուլում (առաջիկա 1-2 ամսում) ես չեմ տեսնում իրավական որեւէ լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ապագային, կնստենք, կքննարկենք, դա պետք է լինի իրավական եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Շարմազանովի խոսքով՝ ում դուրը կգա, ում դուրը՝ ոչ, բայց այս պառլամենտը ընտրվել է լեգալ ու լեգիտիմ. «Միգուցե, այո, այսօր այլ քաղաքական իրողություն է, բայց եթե այդպես նայենք, ապա յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ մենք կարող է ունենանք ընտրություն»:

Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, որ այս պառլամենտը չի վայելում ժողովրդի վստահությունը ու պետք է ցրվի, Շարմազանովը նկատեց. «Ես չեմ կարծում, որ այս պառլամենտը այն պառլամենտն է, որը չի կարող իրականացնել երկրի առջեւ ծառացած խնդիրները»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին. «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը եւ արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»:

Լրագրողի այն հարցին, որ հայտարարում եք, որ Փաշինյանի ծրագրերին չեք խանգարելու, իսկ Փաշինյանի ծրագրերի մեջ է մտնում վերջնարդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, դրա համար նա Ընտրական օրենսդրության փոփոխություն է նախատեսում, դրան խոչընդոտելո՞ւ եք, պատասխանեց. «Խնդրում եմ եւ՛ լրագրողներին, ՛եւ Փաշինյանի կառավարությանը շատ հանգիստ վերաբերվել այլակարծությանն ու բազմակարծությանը ՀՀԿ-ն կարծիք ունենալու իրավունք ունի»: