Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առեւտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով 13 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը դիմել են Վերաքննիչ:

Նրանք պահանջում են բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, առաջադրված մեղադրանքները փոփոխել ու ճիշտ իրավական գնահատականի արժանացնել իրենց  գործողությունները: Ամբաստանյալները պահանջում են բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության նոր կազմով:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում փետրվարի 26-ին, նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանի հրապարակած դատավճռի համաձայն, Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտվեցին 12,5 տարվա, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 4 տարվա ազատազրկման: Դատարանը վերջնական պատիժ սահմանեց 13 տարվա ազատազրկում: Ամբաստանյալ Էդվարդ Թորոսյանին արդարացվեց Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ մյուս մեղադրանքը վերաորակվեց: Թորոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթեւոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ եւ որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ եւ մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Փիրոյանի ցուցմունքի համաձայն, ինքը մի քանի անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին: Սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով: