Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել այն տեսանյութի հիման վրա, որը հրապարակվել է սոցցանցի օգտատերերից մեկի ֆեյսբուքյան էջում, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

Տեսանյութը նկարահանվել է մայիսի 18-ի ցերեկը Թբիլիսիում ու հրապարակվել է Նաիլա Վախանիայի կողմից։ Տեսանյութում աղջիկը ցույց է տալիս մի տղամարդու, որի ձեռքերին ինքնաձիգ է ու եւս մեկ մարդու, որն ուղեկցում է նրան։ Վախանիան հավաստիացնում է, որ մի քանի րոպե առաջ այդ տղամարդը ջարդել է իր ընտանիքին պատկանող մեքենայի ապակին։ Բացի դրանից՝ աղջիկը հայտնել է, որ ինքնաձիգից տղամարդը կրակել է իր ընտանիքի անդամների վրա։ Տեսանյութում երեւում են ավտոմեքենայի գրանցման համարները։

Այն բանից հետո, երբ այդ տեսանյութը տարածվել է սոցցանցում, Վրաստանի ՆԳՆ-ում սկսվել է քննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածով ՝ «հրազենի հակաիրավական ձեռքբերում, պահում, պատրաստում, տեղափոխություն կամ իրացում»։

Արդեն գիշերը Վախանիային ու նրա հորը, որը նույնպես միջադեպի վայրում էր գտնվում, կանչել են ոստիկանական բաժանմունք։

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ արդեն պարզել են այդ տեսանյութում երեւացող երկու տղամարդկանց անձը, նաեւ նույնականացրել նրանց մեքենան։

Տղամարդուն, որին Վախանիան մեղադրում է հրաձգության մեջ, ոստիկանությունը հարցաքննել է։ Նրանից առգրավվել է նաեւ հրազեն։ Քննությունը շարունակվում է։