Չինաստանի վերահսկողության տակ գտնվող հարավչինական ծովի կղզիներում զորավարժությունների շրջանակում երկրի ռազմաօդային ուժերը կղզու օդանավակայանում մի քանի ռազմավարական ռմբակոծիչների վայրէջք են կազմակերպել: Այս մասին, վկայակոչելով չինական բանակի հայտարարությանը, հաղորդում է China Daily-ն:
Պեկինում նշել են, որ սա օդանավակայանի օգտագործման առաջին դեպքն է, որը կառուցվել է վիճահարույց Սպրատլի կղզիների տարածքում՝ Միացյալ Նահանգների եւ այլ երկրների (Ֆիլիպիններ, Վիետնամ եւ Մալազիա) առարկություններին հակառակ: Կղզու օդանավակայանում վայրէջք են կատարել H-6K ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են միջուկային սպառազինություն տեղափոխել:
Պեկինի հայտարարության մեջ նշվում է, որ ռազմավարական ռմբակոծիչների օգտագործմամբ զորավարժությունները կօգնեն Չինաստանի ՌՕՈՒ-ին ամրապնդել մարտական կարողությունները ծովային սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Չինաստանի օդուժի գործողությունները արդեն մեկնաբանել են Վաշինգթոնում: Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Քրիստոֆեր Լոգանը Չինաստանին տարածաշրջանում լարվածության ավելացման համար է մեղադրել: