Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության աճին եւ մաքսային ռեժիմների պարզեցմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նշել է, որ Իրանը արհեստականորեն խստացրել է արտասահմանյան արտադրանքի ներկրման պայմանները` իր հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով սեփական տնտեսությունը խթանելու համար, եւ, փաստորեն, այս տարիների ընթացքում իրանական տնտեսությունը փակ շրջապտույտով է աշխատել:

«Այժմ, երբ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվոել, երկիրը նոր ուղղություններ է փնտրում  տնտեսական համագործակցության համար, եւ այդ առումով ԵՏՄ-ի 200 միլիոնանոց շուկան շատ հետաքրքիր է Իրանի համար, ինչպես եւ Իրանի 80 միլիոնանոց շուկան է հետաքրքիր  ԵՏՄ-ի անդամ երկրների համար», - նշել է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ առաջին հերթին խոսքը Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության մասին էր: «Բայց ես կարծում եմ, որ հետագայում ԵՏՄ-ի մյուս անդամ երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կկարողանան Իրանի հետ առեւտրային հարաբերություններ հաստատել, հատկապես, որ այդ երկիրը չի թաքցնում իր առանձնակի հետաքրքրությունը Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ», - ասել է Գագիկ Մակարյանը:

 Նա կարծում է, որ Իրանն ու Ռուսաստանը փոխշահավետ բեռնափոխադրումներ իրականացնելու համար կընտրեն Հայաստանով անցնող ուղին եւ առաքման ժամանակ կողմերը ստիպված կլինեն Հայաստանին վճարել տարանցման համար:

«Միեւնույն ժամանակ, այդ երկրները պետք է մտածեն Կապանի ճանապարհները բարելավելու, այստեղ օդային կամուրջներ կամ թունելներ կառուցելու մասին՝ ավելի հարմարավետ պայմաններում բեռնափոխադրումներ իրականացնելու համար», - ասել է  տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը դրանից միայն կշահի, քանի որ ներկայումս Վերին Լարսին այլընտրանք չունի:  Բացի այդ, ճանապարհների բարելավումը կնպաստի զբոսաշրջության աճին:

«Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը նաեւ ենթադրում է, որ Իրանի հետ մաքսային ռեժիմը պարզեցվելու է, ինչը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը», - ասել է փորձագետը:

Ըստ նրա կանխատեսումների՝ կմեծանա նաեւ բեռնափոխադրումների ծավալը, ինչը կհանգեցնի սպասարկման ոլորտի մուլտիպլիկատիվ աճին:

Հայաստանի տնտեսության համար եւս մեկ կարեւոր ազդեցություն. իրանական բիզնեսը կցանկանա այստեղ իր ձեռնարկությունները բացել եւ ներդրումներ կատարել:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրվեց: Ժամանակավոր համաձայնագիրը երեք տարի կգործի,  եւ այդ ժամանակ կողմերը պետք է լիարժեք ձեւաչափով պայմանագրի շուրջ համաձայնության գան: