Ճապոնացի ռեժիսոր Խիրոկաձու Կորեդայի «Խանութի գողեր» ֆիլմը Կաննի 71-րդ կինո փառատոնում Ոսկե արմավենու ճյուղի է արժանացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ֆիլմը պատմում է աղքատ ճապոնացի բանվորի ընտանիքի մասին, որը գոյատեւում է միայն տատիկի թոշակի հաշվին, ինչի պատճառով որոշ բարեկամներ խանութներում գողություններ են կատարում:

Ըստ նշանակության երկրորդ պարգեւը՝ Գրան Պրին, ստացել է Սպայկ Լին «Կլանի սեւ անդամ» ֆիլմի համար:

Ադամ Դրայվերի եւ Ջոն Դեեւիդ Վաշինգթոնի մասնակցությամբ Ֆիլմը ("BlacKkKlansman") պատմում է սեւամորթ ոստիկանի մասին, որը 1970-ականների սկզբին դառնում է Կու-կլուկս կլանի անդամ:

Կաննի 71-րդ կինո փառատոնի ժյուրիի մրցանակին արժանացել է Նադին Լաբակիի «Կապերնաում» դրաման: Այն պատմում է Զեյն անունով տղայի մասին, որը ապրում է աղքատ ընտանիքում: Նա որոշում է դատի տալ իր ծնողներին իրեն լույս աշխարհ բերելու համար:

Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հաղթել է իտալացի Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում դերի համար: