ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրությունների նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները հայտարարել են Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում իրենց շահագրգռվածության մասին՝ առաջարկելով օգնել ապագա նախագահի թիմին, հայտնում է New York Times թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ 2016 թվականի օգոստոսին Սպիտակ տան ապագա ղեկավարի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը իր նյույորքյան Trump Tower երկնաքերում հանդիպում է ունեցել Ջորջ Նեյդերի հետ, որը ներկայացնում է Ծոցի արաբական միապետությունների շահերը։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ իսրայելական քաղտեխնոլոգ Ջոել Զամելը, որը առաջարկել է քարոզարշավ իրականացնել սոցիալական ցանցերում։ New York Times-ի այս հաղորդագրությունը վկայում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում բացի ՌԴ-ից նաեւ այլ երկրներ են հետաքրքրված եղել։

Դոնալդ Թրամփ կրտսերի փաստաբան Ալան Ֆատերվասը պարբերականին հայտնել է, որ իր հաճախորդը իսկապես հիշում է հանդիպում Էրիկ Փրինսի, Ջորջ Նեյդերի եւ եւս մեկ այլ մարդու հետ, որը, հնարավոր է, Ջոել Զամելն է եղել։  ԱՄՆ նախագահի որդու ներկայացուցչի պնդմամբ՝ նրանք առաջարկել են սոցիալական ցանցերի կամ մարքեթինգային ռազմավարությությունների մասին նախագիծ, որը չի հետաքրքրել նրան եւ դրանով շփումները ավարտվել են։