Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Մուն Չժե Ինը եւ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս հնչեցվող սպառնալիքները երկխոսությունից հրաժարվելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հեռախոսազրույցը տեւել է 29 րոպե:

Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նախատեսվում է անցկացնել հունիսի 12-ին Սինգապուրում, սակայն  Փհենյանը սպառնացել է հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, եթե փորձեն միակողմանիորեն հասնել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքից հրաժարվելուն, առանց հարաբերությունների կարգավորման։

Թրամփն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են սերտ համագործակցել, այդ թվում՝ Սինգապուրում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ գագաթնաժողովի հաջող իրականացման հարցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին սահմանային Փհանմունջոմ կետում կայացել է երկու Կորեաների առաջնորդների հանդիպումը։ Սակայն այս շաբաթ Հյուսիսային Կորեան չեղարկել է երկու Կորեաների նախարարական հանդիպումը եւ սպառնացել հրաժարվել Կիմ Չեն Ընի ու Թրամփի միջեւ կայանալիք գագաթնաժողովից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան զորավարժություններ են սկսել ուղղված Հյուսիսի դեմ:

.