TESS նոր տիեզերական աստղադիտակը, որի նպատակը կյանքի համար պոտենցիալ հարմար մոլորակներ գտնելն է, դուրս է բերվել աշխատանքային ուղեծիր եւ արել է առաջին լուսանկարը: Այս մասին հաղորդում է NASA ամերիկյան տիեզերական գործակալության կայքը: Ցենտավրա համաստեղության լուսանկարում, ինչպես նշվում է, ավելի քան 200 հազար աստղ է պատկերված:
Հաղորդվում է նաեւ, որ մայիսի 30-ին TESS-ը կուրսի ուղղում կանի՝ ուղեծիր դուրս գալու համար, որը սարքին թույլ կտա իր տեսախցիկներով դիտարկվող երկնքի առավելագույն  տարածություն ընդգրկել:

Ակնկալվում է, որ աստղադիտակը գիտական լուսանկարահանումները կսկսի հունիսի կեսերին՝  ուղեծիր դուրս գալուց եւ տեսախցիկների կալիբրացումից հետո: Հիշեցնենք, որ TESS-ը տիեզերք էր բաց թողնվել ապրիլի 19-ին SpaceX հրթիռով: TESS տեսախցիկի խնդիրը 200 000 աստղերի ուսումնասիրությունն է՝ դրանց շուրջ մոլորակներ հայտնաբերելու նպատակով, այդ թվում նաեւ՝ երկրային տիպի: