Վենեսուելայի ամբողջ տարածքում մեկնարկել է քվեարկությունը, որի արդյունքում կընտրվի երկրի նախագահը հաջորդ վեց տարիների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին եւ կաշխատեն մինչեւ ժամը 18։00-ն։

Նախագահի պաշտոնին են հավակնում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, «Փոփոխությունների հույս» շարժման ներկայացուցիչ Խավիեր Բերտուչին, «Ազգային քաղաքական միասնությունից» Ռեյնալդո Կիխադան, ինչպես նաեւ գործող նախագահի նախկին կուսակից Էնրի Ֆալկոն, որը հիմա հանդես է ոչ մեծ «Առաջադեմ ավանգարդ» ընդդիմադիր ուժի անունից։

Խոշոր ընդդիմադիր կուսակցությունը, որը վերահսկում է երկրի խորհրդարանը, ընտրություններին չի մասնակցում։

Մադուրոն հայտարարել է, որ ընտրությունները բոյկոտելու նրանց որոշումը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Նշենք, որ չնայած կենսամակարդակի կտրուկ անկմանը, հիպերինֆլյացիային եւ ազգային արժույթի արժեզրկմանը, շատ վենեսուելացիներ շարունակում են սատարել գործող իշխանություններին։

Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2019 թվականի հունվարին։ Նա երկիրը կղեկավարի մինչեւ 2025 թվականը։