Լոռու մարզի Պուշկինո գյուղի անտառներում իրավապահների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հատված հայտնաբերված ծառերի հարցը բողոքի ալիք է բարձրացրել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գյուղի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել ՀՔԾ քննիչի կողմից հայտնաբերվածն ու պատասխանատվության չենթարկել անտառապահին. «Անցած տարի գնացել փաստաթուղթ ենք ուզել, որ անտառից փայտ բերենք, չեն տվել, ստիպված դրել կտրել ենք, իսկ էսօր եկել դրել գրում են՝ թողնելով ինչ-որ մեկի վզին, դրա պատասխանը կառավարությունը պետք ա տա, ոչ թե անտառապահը»,-ասաց բնակիչներից մեկը, նշելով, որ տրված փաստաթղթերից նախապես մի քանի խմ ջնջել նոր են տվել. «Այն ժամանակվա կառավարությունից ոչինչ չէինք ակնկալում, ումից ինչ պահանջեինք կամ բողոքեինք…»։

Գյուղացիները նշում են, որ իրավապահները արձանագրել են նաեւ այն հատված ծառերը, որոնց համար նախորդ անտառապահներն արդեն պատասխանատվության են ենթարկվել ու հիմա  նորից դրանց համար ակտ են գրել։

Իրենց կողմից ապօրինի հատումների մեջ գյուղացիները մեղադրում են Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին, ով իրենց չի տրամադրել օրինական կարգով հասնող անվճար վառելափայտի կտրոնները, այլ դրանք տվել է իր մտերիմներին ու այլ մարդկանց. «Հաստաբուն ծառերը անտառտնտեսության տնօրենը տանում էր, մեզ բարակ ճյուղերն էր թողնում, մենք էլ ընտանիք տաքացնելու խնդիր ունենք»,-ասաց գյուղացիներից մեկը:

Վաղը՝ մայիսի 21-ին, Պուշկինոյում կրկին բողոքի ակցիա է իրականացվելու, որին ներկա են լինելու նաեւ համապատասխան կառույցների աշխատակիցներն ու իրավապահները. «Մենք պահանջում ենք, որ ջահել անտառապահի գլխին չկոտրեն էս գործը, մենք բոլորս ենք կտրել՝ կարիքից ելնելով»:

Իրականացված բողոքի ակցիային ներկա չեն եղել ոչ խոշորացված համայնքի ղեկավարը, ոչ էլ բնապահպանության նախարարության աշխատակիցները: Բնակիչների միակ հույսը ներկայիս կառավարությունն է: