Իտալական Գենուա քաղաքի ոստիկանությունը մի քանի սերիական կողոպտիչի է ձերբակալել, որոնք տեղի սուպերմարկետները կողոպտելուց առաջ օգտվել են էքստրասենցի ծառայություններից՝ հանցագործության համար առավել հաջող օրը որոշելու նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանցագործները, ոստիկանության փոխանցմամբ, թմրամոլներ էին, որոնք թմրամիջոցներ ձեռք բերելու համար անընդհատ գումարի կարիք ունեին: Փող հայթայթելու մոլուցքը նրանց ստիպել էր դիմել էքստրասենսի ծառայություններին, որը բազմիցս հեռախոսով խորհրդատվություններ էր անցկացրել երկու տղամարդու հետ: Ձերբակության պահին վերջիններիս պարտքը էքստրասենսի ծառայությունների դիմաց հասել էր 1000 եվրոյի:

Հետաքննության համաձայն՝ էքստրասենսը զբաղվում էր հանցագործների երազների մեկնաբանությամբ՝ չկասկածելով անգամ վերջիններիս մտադրությունների մասին: Նա պետք է ասեր՝ արդյոք որոշակի օր հաջողակ կլինի կողոպուտի համար, եւ այդպիսով իսկ ակամայից որոշում էր նախատեսվող հարձակման օրը:

Սակայն հանցագործների հանցավոր գործունեության վերջինը դարձած հարձակումը, ի հեճուկս արված դրական կանխատեսումների, ձախողվել էր: Նրանք երազում տեսել էին, թե ինչպես են այրվում իրենց մազերը. էքստրասենսի մեկնաբանմամբ՝ կրակն իրենց ապագա փողեր խորհրդանիշն էր:

Հանցագործներն, ընդհանուր առմամբ, 3 հարձակում են գործել: Հաջողը, ըստ էության, միայն առաջինն էր, որը տղամարդիկ իրականացրել էին մարտ ամսին եւ որի ընթացքում հաջողվել էր 4 հազար եվրո գողանալ: