«Econews.am» կայքի «Ահազանգ․ «Որսացել» են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։

Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։

Նախապատրաստվում են նյութեր։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ հրացանավոր երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է։ EcoNews.am-ի փոխանցմամբ, թռչունը հավանաբար, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):

Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, եւ տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաեւ հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:

Ի դեպ, լուսանկարում պատկերված թռչնի արտաքինից կարելի է ենթադրել, որ կենդանին հավանաբար դեռ ողջ է: Լուսանկարներում երեւում է նաեւ, որ թռչնի փետուրների մի մասը բացակայում է, սակայն ոչ փետրափոխման հետեւանքով, այլ՝ ջարդված են: Ինչը վկայում է նրա մասին, որ հավանաբար երիտասարդի կրակոցից ճուռակը վիրավորվել է, ինչի հետեւանքով էլ դարձել է «հեշտ հասանելի»: Տվյալ դեպքը պարունակում է ինչպես որսագողության հոդվածով հանցագործության տարրեր, այնպես էլ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի:

Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սուր Բակլաչյան անունով օգտատերը: Վերջինս հաշվառված է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հրապարակման ամսաթիվը հստակ ֆիքսված չէ, սակայն դատելով երիտասարդի արտաքին ցուցիչներից, այն արվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:

Ահազանգ. Կարմիր գրքում գրանցված թռչունի որսի դեպք է գրանցվել. «հերոսը» լուսանկարները տարածել է իր էջում (ֆոտո)