Այս պահին Սփյուռքի նախարարությունում մեզ համար պետք է առանձնացնենք երեք ուղղություն՝ հայրենադարձություն, որն այս պահին պետք է լինի առաջնային, տնտեսական, բիզնես, գիտական ներուժի խորքային ուսումնասիրում եւ կենտրոնացում, եւ երրորդ՝ հայապահպանություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով, ՀՀ նոր կառավարությունը շատ հավակնոտ ծրագիր է առաջ քաշել՝ երկրի բնակչության ավելացման հետ կապված. «Հայրենադարձությունը պետք է լինի բնակրության թվի աճին նպաստելու առաջնային եղանակը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին օրակարգում քննարկվում է «Հայրենադարձության մասին» ռազմավարական օրենքի նախագծի մշակումը։  

«Սա մի կառավարություն է, որն աշխատելու է ամեն հայի հետ։ Մենք եղել ենք նախկին իշխանության լուրջ քննադատները, բայց նախարարություններում, այդ թվում Սփյուռքի նախարարությունում եղել են ու կան լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք շատ լուրջ աշխատել են ու աշխատելու են։ Այլ խնդիր, որ չի եղել քաղաքական կամք, որ թղթին հանձնվածն ի կատար ածի։ Իմ աշխատակիցներն իրենց մտքի թռիչքը իմ միջոցով կյանքի են կոչելու»,-ասաց նախարարը։