ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Հատկանշական է, որ այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:

Սամվել Բաբայանի աջակիցներից «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ եւ այս ակցիան նաեւ պահանջ է, որ ընդունեն վարույթ:

Ուրբաթ օրվա ակցիայի ժամանակ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն իջել էր ցուցարարների մոտ եւ նշեց, որ գործող քրեադատավարության օրենսգրքի համաձայն գործը վարույթ ընդունելու համար նախատեսված է եռամսյա ժամկետ, իսկ գործը իրենց է հասել ապրիլի 17-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով՝ նշելով. «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: