Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար, այդ թվում նաեւ`բանտարկյալների խնդրի: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Ես համաձայն եմ այն ​​կարծիքի հետ, որ եթե նախկինում գործողություններն ընդհանուր առմամբ հին իշխանությունների դեմ էին ուղղված, ապա պետք է հասկանալ, որ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար: Քանի որ ստացվում է, որ բողոքի ակցիաներն այս իշխանություններին են հասցեագրված, թեեւ պատճառը հնի մեջ է: Եվ պետք է հասկանալ, որ մանրակրկիտ քննություն եւ ոչ թե քաղաքական, այլ իրավական մոտեցում պահանջող գործերի համար ժամանակ է անհրաժեշտ: Որովհետեւ կոշտ քայլերը քաղաքական որոշում կնշանակեին», - ասաց Ալավերդյանը` մեկնաբանելով քաղբանտարկյալների եւ այս կամ այն գործչին ազատ արձակելու պահանջով բողոքների վերաբերյալ հարցը:

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերը կարող են շարունակվել, սակայն դրանք չպետք է խանգարեն մարմինների աշխատանքին, եւ եթե խոչընդոտներ են առաջանում, միջամտություն է անհրաժեշտ: Հարցն այն է, թե որքանով համարժեք կլինի անվտանգության ուժերի միջամտությունը: «Սասնա Ծռերի» կողմից կիրառված ուժը մեզ թույլ չի տալիս նրանց խղճի բանտարկյալներ համարել: Սակայն դա չի չեղարկում նրանց նկատմամբ արդար դատավարության կիրառման հարցը: Բազմաթիվ խախտումներ կան»,- նկատեց Ալավերդյանը` հավելելով, որ իրավիճակը մարտահրավեր է պարունակում կողմերի համար:

«Կոչ եմ անում իշխանություններին հնարավորինս շուտ արդար դատավարություն իրականացնել: Շարժման ղեկավարները պետք է անմիջականորեն հանդիպեն դժգոհություն արտահայտողների հետ»,- նշեց ՀՀ առաջին օմբուդսմենը: Ընդ որում, նա չհամաձայնեց դատախազների եւ դատավորների արագ փոփոխման անհրաժեշտության հետ: Դա կամայականություն կլիներ, հավելեց Ալավերդյանը:

Անդրադառնալով բուն ձեւակեպմանը՝ Ալավերդյանը նշեց, որ միջազգային կազմակերպությունները օգտագործում են «խղճի բանտարկյալներ» տերմինը, եւ ոլորտն, ընդհանուր առմամբ, նրբանկատ մոտեցում է պահանջում:

Նրա կարծիքով՝ բողոքի ակցիաների շարունակությունն իներցիա է: «Հուսով եմ, որ ասածիս իրականացումը կհանգեցնի դրանց պակասեցմանը»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի ժողովրդավարությունը անարխիայի վերածվի: