«Սասնա ծռեր» խմբի աջակիցներն այսօր՝ մայիսի 21-ին, առավոտից շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը եւ պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ: Նրանք պաստառներով փակել էին դատախազության շենքի գլխավոր մուտքը եւ մյուս մուտքերը՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք:

«Մեր նորանշանակ վարչապետը, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նրան ենթակա մեկը ոտնահարում է իրականությունը եւ հայտարարում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, սա հիմք է տալիս մեզ մտածել, որ այն կառույցը, որն այդտեղ տարիներ շարունակ գործել է ապօրինի, ժողովրդական էս զարթոնքից հետո նորից գործում է ապօրինի ու ցանկանում է նորից վերադարձնի Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Մինչեւ դատախազը հրաժարական չտա, էս կառույցը չի կարող աշխատել, որովհետեւ այն չի աշխատում ի շահ ժողովրդի», - նշել է ցուցարարներից մեկը։

Նշենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը,նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները, որից հետո պողոտան բացվեց: Փաշինյանը նշել է, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի օրենքով նախատեսված գործիքների կիրառմամբ։