Գյուղատնտեսության ոլորտում ամենակարեւոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետեւ փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի եւ արտադրությունների): Այս մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա վարչապետին առաջարկել է կառավարության նոր ծրագրում ներառել վերջին 10 տարիների ընթացքում Հանրային խորհրդի կողմից արված առաջարկները տարբեր ոլորտների վերաբերյալ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, Վազգեն Մանուկյանը նշել է. «Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր եւ իբրեւ խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, եւ մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացում»:

Նրա խոսքով, կոոպերացիան նախ նպաստավոր է հողերի օգտագործման տեսանկյունից, բացի այդ, կարող է խթանել փոքր արտադրությունները, որոնք իրենց հերթին կստեղծեն իրենց շուկաները եւ այլն. «Փաստորեն, կոոպերացիան մի կողմից լուծում է հողերի խոշորացման հարցը՝դարձնելով գյուղատնտեսությունն արդյունավետ, մյուս կողմից՝ պահպանում է գյուղերը, ինչը մեզ համար շատ կարեւոր է»,-ասել է Մանուկյանը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, Վազգեն Մանուկյանը կարեւորել է, որպեսզի  Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով  համապատասխան արտադրություններ:

«Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ այն ոլորտներին, որոնք 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանվել են իբրեւ գերակա ուղղություններ: Դրանցից մեկն, օրինակ, գինեգործությունն է: Հայկական գինին այսօր իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին: Պետք է նշել, որ կոնյակի եւ գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում՝ ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ներգրավված է այդ շուկայում եւ մեծ քանակությամբ գինի է արտահանում Չինաստան»,-գրված է նամակում:

Ընդհանրապես, ըստ Վազգեն Մանուկյանի, Հայաստանը լիարժեք չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան: «Ընդ որում, այդ այցին պետք է չափազանց լուրջ պատրաստվել՝ հաշվի առնելով չինական քաղաքակրթության յուրահատկությունները»,-նշել է Մանուկյանը:

Քանի որ ՀՀ Հանրային խորհուրդը սերտ հարաբերերություններ ունի Չինաստանի նույնանման կառույցի հետ, ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաեւ 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին: «Կարծում եմ՝ Ձեզ համար այդ տեղեկատվությունն օգտակար կլինի»,-նշել է նա:

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը կարեւոր է համարել համաշխարհային հայկական կառույցի ձեւավորման նախաձեռնումը, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան: