Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի եւ Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին եւ հետեւել բերքահավաքի մեկնարկին։

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարն առաջինն այցելել է Իշխանաձոր համայնք, որտեղ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ, նախ ծանոթացել է շահագործման փուլում գտնվող «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի եւ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող 50 առանձնատների շինարարական աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է առանձնատները շահագործման հանձնելուն պես զբաղվել վերաբնակեցման հայտ ներկայացրած ընտանիքների տեղափոխմամբ եւ նրանց զբաղվածության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաեւ տարածք նախապատրաստել նոր առանձնատների կառուցման համար։

Այնուհետեւ պետնախարարն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից Իշխանաձորում իրականացվող մեկ այլ՝ իր տեսակի մեջ աննախադեպ տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Տեղի բնակչության համար մոտ 70 աշխատատեղ ապահոված տնտեսության վերջնարդյունքը, բացի կատարած աշխատանքի դիմաց տրվելիք աշխատավարձից, կոոպերատիվ տնտեսության սկզբունքով կրկին վերաբաշխվելու է աշխատակիցների եւ համայնքի բնակիչների միջեւ: Ա. Հարությունյանը հանդիպել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքի պայմաններով եւ հանձնարարել տնտեսության պատասխանատուներին համապատասխան բարելավումներ կատարել:

Հաջորդ այցելությունը Իշխանաձորի հարակից դաշտերում սկսված բերքահավաքի վայրն էր, որտեղ Ա. Հարությունյանը հետեւել է գարու հնձի մեկնարկին: Շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը պետնախարարին ներկայացրել է բերքի նախնական բարձր արդյունքները: Նա նշել է, որ տարին ընդհանուր առմամբ բարենպաստ է շրջանում ցանված հացահատիկային մշակաբույսերի համար՝ ընդգծելով, որ այս տարվա տաք եղանակային պայմանները նպաստել են, որ նախորդ տարիների համեմատ բերքահավաքը մոտ երկու շաբաթ շուտ սկսվի:

Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում Ա. Հարությունյանը ծանոթացել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի եւ կառավարության համաֆինանսավորմամբ վերջերս վերանորոգված համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի պայմաններին, որտեղ, բացի վարչական մասից, տեղակայված են լինելու նաեւ բուժկետը, քաղաքի ոստիկանական բաժանմունքը եւ ակումբը։ Պետնախարարը խոստացել է կարճ ժամանակամիջոցում լուծել նաեւ կենտրոնի գույքի հարցը: Այնուհետեւ Միջնավան, ապա նաեւ Կովսական քաղաքներում պետնախարարն այցելել է վերաբնակեցման նպատակով կառուցվող մի շարք շենք-շինություններ, ծանոթացել կատարվող աշխատանքներին եւ հանձնարարել է դրանց նոր թափ հաղորդել:

«Վերաբնակեցման քաղաքականությունը գտնվում է իշխանությունների ուշադրության եւ հոգածության կենտրոնում, եւ այս առումով մեծ անելիքներ կան: Շարունակե՛ք աշխատանքները նոր թափով, քանի որ առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները մեր հայրենադարձ քաղաքացիներին արդեն ոչ թե նվազագույն, այլ բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար: Այս ուղղությամբ մենք միջոցներ չենք խնայելու»,- ասել է Ա. Հարությունյանը:

Շրջայցի մյուս կանգառը Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայրն էր, որտեղ պետական նախարարը, շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի ուղեկցությամբ, ծանոթացել է տեղում իրականացվող աշխատանքներին: Ա. Հարությունյանը, մասնավորապես, այցելել է հացահատիկային դաշտերը, հետաքրքրվել բերքի սպասվող արդյունքներով, ինչպես նաեւ եղել է պետական աջակցությամբ հիմնված ջերմոցային տնտեսությունում:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը եւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: