ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար ունեցել է, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԿԳ նախարարությունում այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձել է ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին՝ ընդգծելով, որ անթույլատրելի է գյուղի դպրոցի փակումը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձեւով վերակազմակերպել եւ միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: