Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ)  հիմնականում ուղղված է Ռուսաստանի եւ, մասամբ, Հայաստանի պետական եւ արտաքին քաղաքականության դեմ։ Այս մասին մայիսի 21-ին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ,  «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝  ընդհանուր առմամբ, հենց այդպիսի մթնոլորտ է տիրում ՍԾՏՀ ԽՎ–ում. «Ըստ էության, մեր պատվիրակությանը բազմիցս հաջողվել է կանխել երկրի համար շատ անցանկալի գործընթացներ եւ հայտարարություններ»,–հայտարարել է Էնֆիաջյանը:

Իր հերթին հայկական պատվիրակության մեկ այլ անդամ,  «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հավելել է, որ  թուրքական կողմը այս հարթակում ամեն կերպ ակտիվացել է  եւ փորձում է ամեն կերպ առաջ մղել այս կամ այն հարցը, որոնք բացառապես նրա քաղաքական շահերի շրջանակներում են եւ տնտեսական ոչ մի հիմնավորում չունեն։ Գորգիսյանը նաեւ նկատել  է, որ ՍԾՏՀ ԽՎ–ն տնտեսական կազմակերպություն է եւ չպետք է լուծի քաղաքական բնույթի հարցեր։

Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հանդիսավոր նիստը կայացել է մայիսի 15-ին Ստամբուլում: