Ուկրաինական «35-րդ ալիքի» լուրերի հաղորդավարուհին շեշտադրումները սխալ է կատարել եւ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանին պատահաբար «կեղտոտ եւ հոտավետ» է անվանել: Եթերից դրվագը իր ֆեյսբուքյան էջին հրապարակել էր Ալեքսանդր Վոլկովը:

Ռեպորտաժը նվիրված էր Օմելյանի Նիկոլաեւի կայարան այցելությանը, որի վիճակից նախարարը դժգոհություն էր հայտնել: Հաղորդավարուհին կարդացել է տեսանյութին կից համապատասխան տեքստը եւ մոռացել է ընդգծել կետը ռեպորտաժի անվանումից՝ «Կեղտոտ եւ հոտավետ»-ից հետո:

«Կեղտոտ եւ հոտավետ ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը Նիկոլաեւ կատարած այցի ժամանակ քննադատել է երկաթուղային կայարանի վիճակը»,- ասել է նա:

«35-րդ ալիքի» տեսահոլովակը վիրուսային է դարձել. դրա մասին գրել են ուկրաինական առաջատար լրատվամիջոցները: Իր ֆեյսբուքյան էջին տեսանյութն առաջինը հրապարակած օգտատերը ենթադրում է, որ այսուհետ «կեղտոտ եւ հոտավետ»-ը կդառնա Օմելյանի մականունը: