Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր՝ մայիսի 21-ին, ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Գնել Թեւոսյանը:

Այս ամբաստանյալի հայրը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանն էր, որը դեպքից հետո աշխատանքից ազատվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Գնել Թեւոսյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա պատմեց, որ հունվարի 28-ին ինստիտուտում չի եղել, ապա վերադարձել է եւ ժամը 23,30-ի սահմաններում քնել է, արթնանալուց հետո կապիտան Ավետիսյանից է իմացել դեպքի մասին:

«Ավետիսյանն օրապահին հարցեր է տվել, լսել ենք, դրանից հետո տեղափոխվել եմ ռազմական ոստիկանություն, որտեղ ճնշումներ են գործադրել, որ ինձ մեղավոր ճանաչեմ, ինքնախոստովանական ցուցմունք տամ, բայց չի հաջողվել։ Դրանից հետո ձերբակալել են ինձ»:

Դատախազի դիտարկմանը, թե ըստ վկաների, ինքն արտոնյալ է եղել, Գնել Թեւոսյանն արձագանքեց. «Ես զինվորականի ընտանիքում եմ մեծացել ու եղել եմ օրինապահ ծառայող: Ես այնտեղ գնացել եմ սովորելու, եսիմ ինչ տեղ չի, որ գնաս ու քեզ ցույց տաս։ Այդտեղ գնում ես հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն»։

Մեղադրողի մյուս հարցին՝ եթե մեղադրանքը չի ընդունում, վարկած ունի՞, թե ինչ է տեղի ունեցել, ամբաստանյալը նշեց, որ որեւէ վարկած չունի, բայց վստահ է, որ վկաների վրա ճնշում է գործադրվել, որ իրենց դեմ ցուցմունք տան. «Ով եղել ա ռազմական ոստիկանությունում, ճնշում ա գործադրվել, բոլոր վկաների վրա ճնշումներ են եղել, կոնկրետ անուններ չեմ հիշում, բայց ճնշում միանշանակ եղել ա»:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: