Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ.-ի հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադի Բարսեղյանին, բարկացրել է ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի պահվածքը դատարանում՝ ցուցմունք տալիս:

Մայիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդու՝ Գնել Թեւոսյանի, հարցաքննությունից հետո Արկադի Բարսեղյանը նշեց, որ ամբաստանյալը ցույց տվեց՝ ինչ տմարդի է:

«Հիմա Գնել Թեւոսյանն ասում է՝ զինվորական ընտանիքից եմ դուրս եկել, էս, էն, զինվորական ընտանիքից դուրս եկած տղան ըսենց վարքագիծ չէր ունենա, ընդմիջումից հետո գոնե մի քիչ փափկել էր, գողական վարքագիծն այստեղ էլ է դրսեւորվում: Եթե դատարանի դահլիճում այսպիսի վարքագիծ է դրսեւորում, պատկերացրեք՝ ինստիտուտում իրեն ոնց է պահել, հատկապես որ «պապա հովանավորն» էլ էնտեղ է եղել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Անդրադառնալով ամբաստանյալ Գնել Թեւոսյանի այն հայտարարությանը, թե ինքը կասկածներ ունի՝ իրականում ով է կատարել Հայկազ Բարսեղյանի սպանությունը, Արկադի Բարսեղյանը նշեց. «Եթե մի բան գիտի, թող կանգնի ասի, որ այ ըսենց կասկած ունեմ: Ես միշտ ասել եմ, որ թող մեղավորը պատժվի»:

Սպանված կուրսանտի հոր խոսքով, Գնել Թեւոսյանը «շարքային խուլիգան» է, որն արտոնյալի կարգավիճակ է ունեցել ինստիտուտում. «Շարքային խուլիգանը չի կարող լավ տղա լինել>:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: