Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, վարչապետի խոսքով՝ կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սահմաններում։

Դիտարկմանը, թե երկրից կապիտալի արտահոսքի մասին են խոսում, վարչապետը նշել է. «Կենտրոնական բանկից տեղեկացել եմ, որ այդպիսի երեւույթներ եղել են, բայց դրանք չեն ունեցել այն ծավալը, որ մտահոգեն։ Ավելի շատ փող մտնում է հանրապետություն, քան դուրս է գալիս»։

Հարցին, թե ի՞նչ է անելու կառավարությունը կոնկրետ կոռուպցիոն գործերով, Փաշինյանը պատասխանել է. «Տարբեր նախարարություններում տարբեր երեւույթներ կան, եւ քանի դրանք ճշգրիտ իրավական գնահատականներ չեն ստացել, չեմ ասի»։

Անդրադառնալով նոր կառավարության հասցեին հնչած քննադատությանը՝ վարչապետը նկատել է. «Ես չեմ ակնկալում, որ որեւէ կադրային նշանակման վերաբերյալ քննադատություն չլինի։ Ես խնդրում եմ արձանագրել նրանց նշանակման կետը, երբ նշանակվել են, եւ հետեւենք նրանց գործունեությանը։ Առաջարկել եմ, որ լիարժեք վերահսկողություն իրականացվի, եթե որեւէ պաշտոնյայի հետ կապված խնդիր լինի, ասեն»։

Վարչապետ խոսել է նաեւ նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ հույս հայտնելով, որ մինչեւ հունիսի վերջ առնվազն նախագիծը պատրաստ կլինի։ «Կփորձենք հնարավորինս արագ, բայց անշտապ, որ ափալ-թափալ չլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։