Հյուսիսային Կորեայի իշխանությունները յուրաքանչյուր օտարերկրյա լրագրողից Պունգերիում միջուկային փորձադաշտի ապամոնտաժումը լուսաբանելու համար 10 հազար դոլար վիզային վճար են պահանջել: Այս մասին գրում է The Korea Times-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը:

Ապամոնտաժման հանդիսավոր արարողությունը պետք է տեղի ունենա մայիսի 23-ից 25-ը: Ապամոնտաժումը լուսաբանելու համար հրավիրել են լրագրողներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Հարավային Կորեայից:

Այս երկրների լրագրողները պետք է ազատվեն վիզային վճարից, սակայն հրատարակության աղբյուրները նշում են, որ նրանց համար էլ պայմանները կարող են փոխվել, գրում է Lenta:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը նաեւ պահանջել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 11-ին, ժամանեն Պեկինում գտնվող երկրի դեսպանատուն: Վիզային վճարը ամբողջությամբ կատարած լրագրողները չարտերային չվերթով կմեկնեն Հյուսիսային Կորեայի Վոնսան քաղաք,  այնտեղից նրանց  ավտոբուսով կտեղափոխվեն փորձադաշտ:

Հյուսիսային Կորեան փորձարկման վայրում գտնվող օբյեկտների ապամոնտաժումը սկսեց  մայիսի 15-ին: Այս որոշումը կայացվեց ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարների միջեւ պատմության մեջ առաջին գագաթաժողովից հետո: