Որեւէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն ու Վիգեն Սարգսյանի արձագանքին՝ Փաշինյանը նշել է. «Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։

Սարգսյանն իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը լի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ  ասում։

Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ»։

Դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դրական է գնահատում «Ես եմ» ծրագիրը, վարչապետը պատասխանել է. «Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված»։

Ըստ վարչապետի, մեր հասարակությունն ապացուցեց, որ միլիտարիզացված չէ։ «Այսօր խոսում ենք այն մասին, որ որեւէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա․ Եթե «ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»,- նշել է Փաշինյանը։

Նա նաեւ չի բացառել Գլխավոր շտաբի պետի փոփոխությունը։ «Եթե այդպիսի խնդիր կլինի, այդ մասին կտեղեկանաք»,- նշել է Փաշինյանը։