Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ պատրաստվում է Վաշինգթոն այցելել  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպելու համար: Նախարարը հայտնել է, որ հանդիպման նպատակը Իրանի նկատմամբ Վաշինգթոնի ռազմավարությունը քննարկելն է, հաղորդում է  Reuters-ը:

ԱՄՆ-ն Իրանից  արմատական փոփոխություններ է պահանջել՝ հրաժարվել միջուկային ծրագրից,  Սիրիայից զորքերը դուրս բերել եւ մի շարք այլ պահանջներ: Պոմպեոն սպառնացել է Թեհրանին պատմության մեջ կիրառված ամենացավոտ եւ ամենակոշտ պատժամիջոցներով:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, որը նախագահ Դոնալդ Թրամփը աղետալի է համարում: Սակայն պայմանագրի մյուս կողմերը, այդ թվում` Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը, նշել են, որ հավատարիմ են մնում համաձայնագրին: