Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է անմխիթար վիճակում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «2017թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ ՄԻ պաշտպանը պետք է գործուն միջամտություն ունենա:

«Խոշոր գործատուներ համարվող հանրային նշանակության սուբյեկտների մեծ մասը գործում է օտարերկրյա կապիտալով եւ մի տեսակ տպավորություն կա, որ այդ օտարերկրացիները արտոնյալ են եւ իրենց վրա ՀՀ օրենսդրությունը չի տարածվում: Ես ուզում եմ հիասթափեցնել նրանց, իրականում ՀՀ օրենսդրությունը տարածվում է եւ այստեղ մեծ անելիք ունի ՄԻՊ-ը: Եթե մենք ունենայինք աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ պետական հսկողություն իրականացնող մարմին, ուժեղ արհմիություններ, գուցե ելույթս այսքան բուռն չստացվեր»,-հայտարարեց Պետրոսյանը:

Նա Արման Թաթոյանին կոչ արեց առավել ուշադիր լինել աշխատանքի ընդունելու մրցույթներին. «Ձեւականորեն հայտարարվում է մրցույթ, իրականում դրանք կազմակերպված խաղեր են: Ընդունվում է նա, ում ցանկանում է տվյալ հիմնարկի ղեկավարը: Իրականացվում են ձեւական ատեստացիաներ, խաղից դուրս են մնում ղեկավարության համար անցանկալի անձինք:

Ուզում եմ ուշադիր լինեք նաեւ գործատուի կողմից աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում օրենսդրությունը կատարելու ուղղությամբ»:

Պետրոսյանն ասաց, որ Հայաստանում չկա կայացած դատական համակարգ, ինչի արդյունքում աշխատանքից ազատված աշխատողը մեջքին չունենալով արհեստակցական միությունների աջակցությունը, հնարավորություն չունենալով փաստաբանների որակյալ ծառայությունից, մենակ են մնում գործատուի հետ դեմ հանդիպման: