Մենք ասել ենք, որ երկիրը պետք է պատրաստել արտահերթ ընտրությունների, սակայն հիմա ժամկետներ չեմ ասելու: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, իրենց առաջնահերթություններից մեկը արտահերթ ընտրություններն են, բայց դրանք պետք է պատրաստել. «Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, օրինակ, վարչարարական գործը՝ ֆունկցիոնալ առումով, հանձնաժողովները էն տեսքով, էն տեխնիկական հագեցածությամբ և պայմաններով, որ հիմա կան: Եթե մենք գնում ենք էդ Ընտրական օրենսգրքով, էդ ընտրական հանձնաժողովներով, արդյոք դա է մեր ուզածը, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանում են էդ մեխանիզմներով և էդ օրենքով իրենց կամքը ամրագրել արդյունքում: Ես չեմ կարծում»,-նշել է Միրզոյանը:

Մյուս կողմից, ըստ փոխվարչապետի, իրենք օր ու գիշեր աշխատում են, որ էդ պայմանները կարողանան ապահովել օր առաջ. «Որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ համակարգափոխության վերջին ակորդը պիտի լինի խորհրդարանական ընտրություններով նոր քաղաքական պատկեր խորհրդարանում ունենալը, և նոր դրանից հետո անցնելու ստեղծարար աշխատանքի»:

Հարցին, թե խոսքն այս տարվա մասի՞ն է, Արարտ Միրզոյանն արձագանքել է. «Իրականում մենք հիմա բազմաթիվ մասնագետների հետ ենք խորհրդակցում, որպեսզի հասկանանք, թե երբ կարող ենք, եթե ոչ հարյուր տոկոսով, ապա գոնե բավարար չափով պատրաստ լինել դրան: Եվ տարբեր կարծիքներ են հնչում՝ վեց ամսից մինչև մի տարի, բայց, միևնույն ժամանակ, ունենք վերջնաժամկետներ․ ակնհայտ է, որ երկու տարուց չպիտի լինի այդ ընտրությունները, անվերջ ձգվել չի կարող»: