Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը»  ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին եւ գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։

Ողջունելով ԵԽ գործընկերներին` նախարար Պապիկյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ ձեւավորված ավանդական համագործակցությունը եւ նշել, որ նախարարությունը պատրաստ է կուտակված փորձը հարստացնել համագործակցության նոր ձեւաչափերով։ «Հայաստանում ձեւավորված քաղաքական նոր իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի խորհրդի հետ նոր որակի համագործակցություն ապահովելու համար։ Մեր կառավարության առաջ ծառացած է մի կարեւորագույն խնդիր` դա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որի հարցում ԵԽ-ի աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը հավելել է նաեւ, որ ընտրական օրենսդրության մեջ սպասվող փոփոխությունները հիմք կհանդիսանան Հայաստանում անցկացնել նոր որակի ընտրություններ եւ հույս հայտնել, որ այդ հարցում կարող են ակնկալել ԵԽ-ի աջակցությունը։

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար եւ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ ՏԿԶՆ-ը կարեւոր գործընկեր է ինչպես ԵԽ-ի, այնպես էլ ԵԽ երեւանյան գրասենյակի համար։ Նատալյա Վուտովան կարեւորել է ԵԽ աջակցությամբ գործող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» եւ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրերի  հաջող ընթացքը ու նշել, որ տեղական ժողովրդավարության որակն առանցքային նշանակություն ունի իրենց համար։  «Մենք ակտիվորեն աջակցում ենք տեղական իշխանություններին, գերատեսչություններին օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում՝ կարեւորելով տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պաշտոնյաների կարողությունների զարգացումը»,- ամփոփել է նա։ Միաժամանակ Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ը նախատեսում է տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված  գործողությունների մեկ այլ՝ քառամյա ծրագիր։

Նախարար Պապիկյանը վերահաստատելով այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ժողովրդավարության հենասյունը, ընդգծել է, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից։

Հանդիպման ավարտին նախարարը եւս մեկ անգամ կարեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ  առաջիկայում նախատեսվող  Ընտրական  օրենսգրքի փոփոխությունների  գործընթացում կարող են ապավինել ԵԽ-ի օժանդակությանը: