Մայիսի 22-ին Էստոնիայի վարչապետի նստավայրում տեղի ունեցավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի եւ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հանդիպումը։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Յուրի Ռատասին փոխանցեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնում էստոնացի գործընկերոջը վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ նրա ջերմ շնորհավորանքների համար՝ մեծապես կարեւորելով նաեւ այն փաստը, որ Էստոնիան ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած առաջին ԵՄ երկիրն է։

Յուրի Ռատասն իր հերթին վերահաստատեց Էստոնիայի պատրաստակամությունը ՀՀ ղեկավարության հետ աշխատանքները շարունակելու եւ բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Էստոնիայի վարչապետը նշեց, որ էլեկտրոնային կառավարման, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման այլ ոլորտների արդիականացման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ։

Դեսպան Մկրտչյանն առաջարկեց, որ նշված, ինչպես նաեւ տնտեսական այլ ոլորտներում համագործակցության լավագույն հարթակներից կարող է հանդիսանալ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին զուգահեռ կազմակերպվելիք տնտեսական ֆորումին էստոնական կողմի մասնակցությունը։ Ի պատասխան Էստոնիայի վարչապետը նշեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն արդեն հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր մասնակցությունը եւ այդ այցը կարող է հավելյալ խթան հանդիսանալ հայ-էստոնական հարաբերությունների զարգացման համար։

ՀՀ դեսպանն առաջարկեց նաեւ, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների որոլտի՝ երկու երկրների տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններից լինելու հանգամանքը, դիտարկել Հայաստան-Էստոնիա բարձր մակարդակով թվային ֆորում կազմակերպելու հնարավորությունը: Էստոնիայի վարչապետը հետաքրքրությամբ արձագանքեց այս առաջարկին եւ հորդորեց գաղափարը քննարկել ոլորտի պատասխանատու կառավարության ներկայացուցիչների հետ՝ խոստանալով ցուցաբերել նաեւ իր աջակցությունը։

ՀՀ դեսպանը եւ Էստոնիայի վարչապետը նաեւ քննարկեցին գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում նաեւ սպասում են հունիսի սկզբին Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի այցելությանը՝ Հայաստանի եւ Էստոնիայի 100-ամյակներին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով։